Azatutyun — Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է իր աշխատանքները: Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, առաջին նստաշրջանը մեկնարկում է նախորդ գումարման ժամկետի ավարտի օրը՝ ժամը 10:00-ին։
Օրակարգը հագեցած է. պատգամավորները պետք է ընտրեն ԱԺ նախագահին և նրա երեք տեղակալներին, ձևավորեն մշտական հանձնաժողովներ ու Էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև քննարկեն կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ու հավանություն տան գործադիրի ծրագրին։ Մինչ խոսնակի ընտրությունը, նիստը կվարի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Հետաքրքրական է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավեր չի ստացել և, ըստ ամենայնի, ներկա չի լինի բացմանը։
Նոր խորհրդարանում մեծամասնությունը՝ 64 մանդատով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Երկրորդը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 29 մանդատով, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կունենա 12 պատգամավոր։ Թեև ընդդիմադիր առաջնորդներ Սամվել Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը խորհրդարան չեն մտնի, քաղաքական ուժերն արդեն որոշել են իրենց ղեկավարներին. խմբակցությունները կգլխավորեն համապատասխանաբար Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը։
«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Իշխող ուժը նաև հստակեցրել է մշտական հանձնաժողովների վերաբերյալ իր մոտեցումը՝ պլանավորելով փոխնախագահի պաշտոններում նշանակել իր ներկայացուցիչներին այնտեղ, որտեղ հանձնաժողովի ղեկավար կընտրվի ընդդիմադիր պատգամավոր:

