Օգոստոսի 7-ին Վաղարշապատում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով առաջին դատական նիստը։ Գործը, որը վարում է դատավոր Հակոբ Մանուկյանը, կսկսվի կեսօրից հետո՝ ժամը 16։00-ին։
Ինչպես հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայաստանում գտնվող սրբազան հայրերը անձամբ մասնակցելու են առաջին նիստին։ Փաստաբանը շեշտել է, որ պետության միջամտությունը Եկեղեցու որոշումներին, մասնավորապես՝ թեմակալ առաջնորդին պաշտոնից ետ կանչելու կամ եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու հարցերում, հակասում է Եկեղեցու ինքնավարությանն ու կրոնական ազատության հիմնարար սկզբունքներին։
Ըստ պաշտպանական կողմի՝ Հայոց Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է նրա եկեղեցական և կանոնական պարտականությունների իրականացման հետ։ Դատական այս գործընթացը, ըստ էության, պատասխան պետք է տա այն հարցին, թե արդյոք աշխարհիկ իշխանությունը կարող է միջամտել Եկեղեցու ներքին կառավարմանը և քրեականացնել կանոնական իշխանության գործադրումը։
Այս դատական գործընթացը դուրս է գալիս սովորական քրեական հետապնդման շրջանակներից՝ իր մեջ պարունակելով պետական և կրոնական ինստիտուտների սահմանազատման լուրջ խնդիր։ Իրավական տեսանկյունից սա վեճ է լիազորությունների սահմանների շուրջ, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ հասարակության և Եկեղեցու հարաբերությունների վրա։
Հատկանշական է, որ դատարանի դահլիճում քննարկվելու է ոչ միայն կոնկրետ մեղադրանքների հիմնավորվածությունը, այլև աշխարհիկ իշխանության միջամտության թույլատրելիությունը կանոնական որոշումներին։ Առաջիկա նիստերի ընթացքում պարզ կդառնա, թե ինչպիսի իրավական մեկնաբանություններ կտրվեն այս զգայուն հարցին, որը պարունակում է նաև հոգևոր իշխանության անձեռնմխելիության մասին բանավեճեր։

