ԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

1 Min Read

Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆաքան նավահանգիստը Չինաստանից ընդունել է առաջին խոշոր խմբաքանակը, որը բաղկացած է ավելի քան 6 հազար BYD էլեկտրամեքենայից։

Changsha անունը կրող նավը ԱՄԷ է տեղափոխել ճիշտ 6068 նոր մեքենա։ Այն դուրս էր եկել Շենժենի միջազգային լոգիստիկ նավահանգստից՝ սկիզբ դնելով Չինաստանը Խորֆաքանի հետ կապող նոր ուղիղ ծովային երթուղուն, որը զգալիորեն հեշտացնում է բեռնափոխադրման գործընթացը։

Խորֆաքան նավահանգիստը գտնվում է Արաբական ծովի ափին, ինչի շնորհիվ բեռները հնարավոր է դառնում հասցնել Էմիրություններ՝ ամբողջությամբ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Նոր ճանապարհը Չինաստանից ԱՄԷ ծովային փոխադրման ժամանակը կրճատում է 3–5 օրով և էապես նվազեցնում մատակարարումների հնարավոր խափանումների վտանգը, ինչը հատկապես կարևոր է տարածաշրջանային լարվածության ֆոնին։

Այս նոր ծովային երթուղու գործարկումն ուղղակիորեն ցույց է տալիս, թե որքան լուրջ են մատակարարման շղթաների անվտանգության ռիսկերը Մերձավոր Արևելքում։ Հորմուզի նեղուցը աշխարհի ամենազգայուն ծովային միջանցքներից մեկն է, որտեղ ցանկացած աշխարհաքաղաքական լարվածություն կարող է ակնթարթորեն կանգնեցնել գլոբալ առևտուրը։

Շրջանցիկ ճանապարհի ընտրությունը պատահական չէ։ 3-5 օրվա ժամանակային տնտեսումից զատ, Չինաստանն ու ԱՄԷ-ն ստեղծում են ապահով լոգիստիկ այլընտրանք, որը երաշխավորում է էլեկտրամեքենաների և այլ բեռների անխափան մատակարարումը անգամ ճգնաժամային իրավիճակներում։

Share This Article