«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը ավարտին է հասցրել 2 հատ Airbus A321neo ինքնաթիռ պատվիրելու գործընթացը, ինչի մասին եվրոպական Airbus ավիաշինական ընկերությունը հայտարարեց սեպտեմբերի 30-ին: Գործարքի վերաբերյալ հուշագիրը ստորագրվել էր դեռ մայիսի 5-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով Հայաստանում էր, և այդ ժամանակ հայկական փոխադրողի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Airbus-ի Եվրոպայի կոմերցիոն ծառայությունների ղեկավար Շարբել Յուզկաթլին հաստատել էին համագործակցությունը:
Սա հայկական ավիացիայի և ընկերության պատմության մեջ առաջին ուղղակի պատվերն է Airbus-ին, որը նախատեսում է հատուկ «Ֆլայուան Արմենիայի» համար արտադրել նոր օդանավերը: Ձեռք բերվող A321neo մոդելները նախատեսված են 239 ուղևորի համար, և բոլոր նստատեղերը լինելու են էկոնոմ դասի, ինչը թույլ կտա արդիականացնել շարժակազմն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը:
Airbus-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայկական փոխադրողի վստահությունը իրենց արտադրանքի նկատմամբ: Ըստ արտադրողի՝ A320neo սերնդի ինքնաթիռները նախորդ A320ceo մոդելների համեմատ ապահովում են վառելիքի առնվազն 20 % խնայողություն և CO₂ արտանետումների նույնքան կրճատում:
Այս պահին «Ֆլայուան Արմենիան» շահագործում է Հայաստանում գրանցված 5 ինքնաթիռ՝ 4 հատ Airbus A320 և 1 հատ Airbus A321, ինչպես նաև վարձակալական հիմունքներով օգտագործում է մոլդովական Fly One-ի A320 ու A321 օդանավերը, որոնք բոլորն էլ հին A320ceo սերնդի են: Հավելենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 50 %-ը պատկանում է Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, իսկ 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը:
Ուղղակի պատվերը Airbus-ից լուրջ քայլ է հայկական ավիացիայի համար, քանի որ նոր A321neo ինքնաթիռները ոչ միայն էապես նվազեցնում են վառելիքի ծախսն ու շահագործման ծախսերը, այլև թույլ են տալիս աստիճանաբար հրաժարվել հին A320ceo սերնդի վարձակալված օդանավերից:
Այս ներդրումն առաջին հերթին ցույց է տալիս ընկերության երկարաժամկետ պլանները տարածաշրջանային շուկայում, որտեղ մրցակցությունը գնալով սրվում է, իսկ ուղևորահոսքի աճը պահանջում է առավել արդյունավետ և տարողունակ օդանավեր:

