Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

1 Min Read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ։

Իր ուղերձում Էրդողանը, իր և թուրք ժողովրդի անունից, անկեղծորեն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցած հաջողության համար։ Նա մաղթել է հաջողություն՝ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ համագործակցություն ապահովելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ կիրականացվի։ Օգտվելով այս հնարավորությունից՝ Էրդողանը կրկին առողջություն և բարեկեցություն է մաղթել վարչապետին, իսկ հայ ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն։

Share This Article