«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ». Սամվել Կարապետյան

2 Min Read

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ իրենց կուսակցությունը պատրաստ է ընդունելու պատգամավորական մանդատները, եթե դա հնարավորություն տա արագացնել Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ։

Կարապետյանը պարզաբանել է, որ իրենք կընտրեն այն ճանապարհը, որը կհամարեն առավել արդյունավետ՝ լինի դա խորհրդարանական աշխատանքի միջոցով, թե փողոցային պայքարով։ Նա նաև շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում չի հաղթել վերջին ընտրություններում։

Ըստ Կարապետյանի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իսկապես համոզված է իր հաղթանակում, ապա պետք է համաձայնի ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը՝ արդյունքներին լեգիտիմություն հաղորդելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն՝ երկրի զարգացումն ապահովելու համար։ Երկրորդ փուլի առավելությունն, ըստ նրա, այն է, որ այլևս չեն լինի ձայները «փոշիացնող» ուժեր։

Կուսակցության ղեկավարը հայտնել է նաև, որ «Ուժեղ Հայաստանը» մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ երկու հիմնական պահանջով. չեղարկել ընտրությունների արդյունքները և նշանակել կամ նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլ։


Սամվել Կարապետյանը հավելել է, որ վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին։ Եթե ժողովուրդը որոշի ընդունել ընտրությունների արդյունքները, իրենք դրան չեն հակադրվի։ Նրա կարծիքով՝ ժողովուրդը դեռ մտորումների մեջ է, քանի որ որոշում կայացնելու համար ժամանակ է հարկավոր։

Կարապետյանը փաստել է, որ այս ընտրությունների արդյունքում հաղթող են դուրս եկել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ադրբեջանը, Թուրքիան, եվրոպական պետությունները և Ռուսաստանը, իսկ պարտվողը հայ ժողովուրդն է։ «Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- եզրափակել է նա։


Share This Article