Իլոն Մասկի SpaceX ընկերությունը, որը հայտնի է Starlink արբանյակային ինտերնետ ծառայությամբ, բորսայում պատմական հրապարակային տեղաբաշխում (IPO) է իրականացրել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընկերությունը 555.6 մլն բաժնետոմս վաճառելով (յուրաքանչյուրը $135)՝ $75 մլրդ է ներգրավել, ինչը դարձել է պատմության մեջ ամենամեծ IPO-ն։ Առևտուրը Nasdaq-ում մեկնարկում է հունիսի 12-ին, իսկ ընկերության նախնական արժեքը գնահատվում է $1.77 տրիլիոն։
Արդյունքում, Մասկը, հիմնվելով SpaceX-ի և Tesla-ի իր բաժնետոմսերի արժեքի վրա, թղթի վրա կդառնա առաջին տրիլիոնատերը։ Նախորդ ամենախոշոր IPO-ն 2019-ին իրականացրել էր Սաուդյան Արաբիայի Aramco նավթային ընկերությունը՝ ներգրավելով մոտ $29 մլրդ։
NBC News-ի տվյալներով՝ SpaceX-ը նպատակ ունի բաժնետոմսերի մոտ 30%-ը հատկացնել մանրածախ ներդրողներին՝ ստանդարտ 10%-ի փոխարեն։ 2026թ. մայիսի IPO հայտը ցույց է տալիս, որ ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է Լուսնի ուսումնասիրություն, Մարսի գաղութացում, աստերոիդների արդյունահանում, Լուսնի վրա էներգիայի մշակում և ուղեծրում արտադրություն։
Ֆինանսական տվյալներով՝ 2025-ին SpaceX-ը գրանցել է մոտ $4.94 մլրդ կորուստ $18.67 մլրդ եկամուտի դեպքում։ 2026-ի առաջին եռամսյակում կորուստները կազմել են $4.28 մլրդ՝ $4.7 մլրդ եկամուտի դիմաց։ Դրա պատճառը Starship հրթիռի մշակման բարձր ծախսերն են, որոնցում ներդրվել է ավելի քան $15 մլրդ։
IPO-ից հետո Մասկը կպահպանի SpaceX-ի լիարժեք վերահսկողությունը, քանի որ տնօրինում է բաժնետոմսերի ավելի քան 80%-ը։ Starlink-ը մնում է SpaceX-ի եկամտի հիմնական աղբյուրը՝ առաջին եռամսյակում բերելով $3.26 մլրդ։ Արբանյակային ինտերնետ ծառայությունն ունի մոտ 10.3 մլն հաճախորդ 164 երկրներում։

