Զապել Եսայան (1878-1943 թթ.)

2 Min Read

Զապել Եսայան, մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը։ Հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկ: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զապել Եսայանն էր: Դիպվածով մազապուրծ Հայոց ցեղասպանությունից՝ շուրջ երեք ամիս փախստականի կյանք է վարել, ապա մեկնել է Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թվականի վերջին՝ եկել Կովկաս:

Հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ Զապել Եսայանը եղել է հայ ազգի նոր պատմության կարևորագույն փուլերի ներգրավված վկան՝ վերապրելով կիլիկյան ջարդերը, 1915թ. հայերի ցեղասպանությունը, Հայաստանի առաջին անկախ հանրապետության ծնունդը 1918թ., հայկական սփյուռքի ձևավորումը …Նա հայրենիք էր եկել 1933-ին՝ քիչ անց դառնալով ստալինյան բռնապետության զոհերից մեկը: Նրան ձերբակալել էին 1937-ին և, որոշ տեղեկություններով, վեցամյա բանտարկությունից հետո՝ 1943-ին նա մահացավ Բաքվի բանտում…

1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ողբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:



Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զապել Եսայանը կազմակերպել է հայտարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է«Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ոգբերգության առիթով: Զապելը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և թղթակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին:

1933թ. խորհրդային կառավարության հրավերով Զապել Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:


Զապել Եսայանը 1930-ականների գրական կյանքի եռանդուն մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: Կեղծ մատնությունների զոհ դառնալով, բանտարկվել ու աքսորվել է:

Share This Article