ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի

1 Min Read

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է Շվեդիայում կազմակերպված «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի ուսումնական այցին։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում NIRAS Sweden-ի կողմից։ Այն նպատակ ունի խթանել գենդերային հավասարությունը և կանանց զորեղացումը Արևելյան գործընկերության երկրներում։

Այցի ընթացքում հանդիպումներ ու քննարկումներ են անցկացվել Շվեդիայի պետական կառույցներում և գենդերային հավասարության ոլորտի կազմակերպություններում։ Դրանց թվում էին Հավասարության հարցերով օմբուդսմանի գրասենյակը, Ռազմական գործողություններում գենդերային հարցերով նորդիկ կենտրոնը (NCGM) և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և ճկունության գործակալությունը։

Քննարկումները վերաբերել են գենդերային հավասարության ապահովմանը, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը, գենդերազգայուն բյուջետավորմանը և սեռով զատորոշված վիճակագրության վարմանը։

Այցը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության խորացման և գործընկերային կապերի ամրապնդման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ կարևորելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության խթանման ոլորտներում։

Share This Article