Ուկրաինան ներկայացրել է Ազգային պանթեոնի ստեղծման նախագիծը, ինչը լարվածություն է առաջացրել Լեհաստանի հետ հարաբերություններում։ Սա հաջորդ քայլն է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈՒԱԲ) հերոսներին նվիրված ստորաբաժանումների անվանակոչումից, պետական պարգևների շուրջ վեճերից և Վլադիմիր Զելենսկու՝ Գդանսկի միջոցառումներին բացակայությունից հետո, գրում է Dziennik Gazeta Prawna-ն։
Լեհաստանի նախագահի աշխատակազմում այս քայլը դիտարկում են որպես գիտակցված սադրանք։ Ակնկալվում է, որ սրացումը կհասնի հուլիսի 11-ին՝ Վոլինյան կոտորածի տարելիցին։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կողմ է լարվածության նվազեցմանը և առաջարկում է վերադառնալ փակ բանակցություններին։
Լեհական պարբերականի տվյալներով՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու շրջապատում Կիևի որոշումները դիտվում են որպես Ուկրաինայի հետևողական քաղաքականության մաս՝ պատմական հիշողության ոլորտում։ Նախագահական վարչակազմը չի շտապում անհապաղ արձագանքել։
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք հանգիստ ենք ընդունում այդ հայտարարությունը, քանի որ Զելենսկու և նրա շրջապատի գործողությունները սադրիչ են։ Մենք չենք դառնա Կիևում գրված այն սցենարի մաս, որը ձեռնտու է ռուսական քարոզչությանը։ Ուկրաինայի նախագահի որոշումները նախևառաջ ներքին լսարանի համար են և կոչված են ամրապնդելու նրա թուլացած դիրքերը։ Դրանք նաև թույլ են տալիս շեղել ուշադրությունը կոռուպցիոն սկանդալներից, որոնցում ներգրավված են ուկրաինացի առաջատար քաղաքական գործիչներ»։
Նա նշել է, որ Կարոլ Նավրոցկու հնարավոր արձագանքի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
Լեհաստանի արտգործնախարարությունն իր հերթին կարծում է, որ պատմական հիշողության հարցերը պետք է քննարկվեն երկկողմ երկխոսության շրջանակում՝ առանց հանրային հայտարարությունների։ Գերատեսչության կարծիքով՝ պատմական ճշմարտության ընդունումը Ուկրաինայի եվրոպական ինտեգրման կարևոր պայմաններից մեկն է։

