Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12.000 տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռքբերման և իրացման դեպք է բացահայտվել

1 Min Read

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժինն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի բնակիչն ապօրինի պահում է զենք-զինամթերք, թմրամիջոց, ինչպես նաև ձեռք է բերում և իրացնում կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։

Հունիսի 17-ին սկսվել է քրեական վարույթ։ Նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում զննություն է կատարվել։

Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվին-դանակ, առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով և կոնյակով լցված 120 պլաստիկ շիշ, ինչպես նաև 12 հազար 246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։

Իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող «Դիազեպամ» դեղամիջոցը 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համաքաղաքացին։

Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

Share This Article