Եգիպտական անապատում հայտնաբերվել է Բյուզանդական կայսրության դարաշրջանի շքեղ կորուսյալ քաղաք

2 Min Read

Եգիպտոսում հնագետները երկու կարևոր հայտնագործություն են կատարել, որոնք լույս են սփռում երկրի անցյալի վրա։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Առաջին հայտնագործությունը տեղի է ունեցել Դահլա օազիսում՝ Նյու Վելի նահանգի արևմտյան հատվածում։ Այստեղ հայտնաբերվել է IV դարով թվագրվող բնակավայր՝ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից։ Հայտնաբերվել է լավ մտածված քաղաքաշինական հատակագիծ՝ փողոցներով, որոնք հատվում են մայրուղիների հետ՝ ձևավորելով հրապարակներ։ Բնակավայրի հյուսիսում եղել է IV դարի կեսերի բազիլիկա և պահակային աշտարակների մնացորդներ։

Գտնվել են նաև ամրացված բնակելի շենքեր, ընդունելության սրահներ, ինչպես նաև «Տիսոսի տունը», որը հնարավոր է օգտագործվել է որպես տնային եկեղեցի։ Հայտնաբերվել են հաց թխելու վառարաններ, խոհանոցային սենյակներ, աղացքարեր, բյուզանդական կայսրերի բրոնզե մետաղադրամներ, լատիներեն արձանագրություններ և քրիստոնեական խորհրդանիշներ։ Հատկապես արժեքավոր են շուրջ 200 խեցե բեկորները (օստրակոններ), որոնց վրա գրառումներ կան առևտրային գործարքների և առօրյա կյանքի մասին։

Երկրորդ հայտնագործությունը կատարվել է Մարինա էլ-Ալամեյն հնագիտական տարածքում՝ Ալեքսանդրիայից մոտ 100 կիլոմետր արևմուտք։ Այստեղ հայտնաբերվել են 18 հին դամբարաններ, այդ թվում՝ 11 ժայռափոր և 7 վերգետնյա քարե դամբարաններ։ Այս տարածքում դամբարանների ընդհանուր թիվը հասել է 48-ի։ Գերեզմաններում գտնվել են խեցեղեն, անոթներ, ճրագներ, զոհասեղաններ և կրաքարե անոթներ։

Հատուկ ուշադրություն է գրավել 2,5 մետր երկարությամբ գրանիտե սարկոֆագը՝ մարդկային մնացորդներով, և դրա կողքին գտնվող գիպսե սֆինքսի արձանը։ Որոշ գերեզմաններում հայտնաբերվել են ոսկե առարկաներ մահացածների բերաններում, ինչը կապված է «ոսկե լեզու» թաղման ծեսի հետ։

Մարինա էլ-Ալամեյնը ներկայացնում է անտիկ հունա-հռոմեական Լեուկասպիս նավահանգստային քաղաքի մնացորդները, որը գոյություն է ունեցել II-IV դարերում։ Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ նման գտածոները մեծացնում են երկրի գրավչությունը՝ որպես հնագիտական զբոսաշրջության կենտրոն։

Share This Article