Հոգեբույժ-նարկոլոգ Անտոն Ռուդկովսկին բացատրել է, թե որ ալկոհոլն է առավել վտանգավոր առողջության համար։ Նա իր դիտարկումները ներկայացրել է «Газета.Ru»-ի հետ զրույցում։
Բժշկի խոսքով՝ խնդիրը ոչ թե խմիչքի տեսակն է, այլ էթիլային սպիրտը։ Բժշկական տեսանկյունից չկա «օգտակար» կամ «վնասակար» խմիչք։ Բոլոր դեպքերում օրգանիզմի վրա ազդում է միևնույն նյութը՝ էթանոլը։
Մասնագետը նախազգուշացնում է հատկապես քաղցր, թույլ ալկոհոլային խմիչքների և պատրաստի կոկտեյլների մասին։ Մարդիկ դրանք ավելի արագ և մեծ քանակությամբ են խմում, քան թունդ ալկոհոլը։
Վտանգավոր է նաև ալկոհոլի և էներգետիկների համադրությունը։ Կոֆեինը կեղծ թարմություն է հաղորդում։ Արդյունքում՝ մարդը չի կարողանում ճիշտ գնահատել հարբածության աստիճանը։
Ռուդկովսկին նաև հորդորում է գինին անվնաս չհամարել։ Գինու «օգտակարության» մասին պատրանքը կարող է հանգեցնել դրա կանոնավոր օգտագործմանը։ Ժամանակի ընթացքում դա մեծացնում է կախվածություն ձեռք բերելու ռիսկը։
Նարկոլոգ Անդրեյ Տյուրինն էլ ավելի վաղ նշել էր, որ ալկոհոլը հատկապես վտանգավոր է շոգ եղանակին։ Նրա խոսքով՝ շոգին սառը գարեջուր խմելը կարող է մարդուն հասցնել մինչև վերակենդանացման բաժանմունք։

