Aravot — «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դեմ դատական գործ է հարուցել՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 6 միլիոն դրամի փոխհատուցում, սակայն դատարանը դեռևս գործի քննությունը չսկսած՝ արգելանք է դրել նրա գույքի ու բանկային հաշիվների վրա։
Մարուքյանը տեսանյությամբ բացատրել է, թե ինչ է հայցի ապահովման միջոցը, երբ է այն սովորաբար կիրառվում, և ինչու է վիրավորանքի ու զրպարտության գործով նման որոշումը ոչ միայն անհամաչափ, այլև փաստացի պատժիչ միջոց։ Նրա խոսքով՝ Փաշինյանը տարիներ շարունակ պնդել է, որ դատական համակարգում մաֆիա է գործում, և ինքը պայքարում է դրա դեմ, սակայն այժմ դիմել է հենց այդ նույն դատարանին, որն էլ առանց գործի էությունը քննելու՝ սահմանափակումներ է կիրառել իր նկատմամբ։
«Սա միայն 6 միլիոն դրամի կամ սառեցված հաշիվների մասին չէ,- գրել է Մարուքյանը:- Սա քաղաքական խոսքը սահմանափակելու, ընդդիմախոսին ճնշելու և լռեցնելու փորձ է»։ Նա հայտարարել է, որ կօգտագործի բոլոր իրավական հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում գործը կհասցնի մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շարունակելով քաղաքական գործունեությունը՝ չնայած ճնշումներին։

