1lurer.am — Արարատի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ տուժել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունից, որը ստացվել է հուլիսի 26-ի երեկոյան։
Ժամը 19:56-ին ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում բախվել են երեք ավտոմեքենա, և դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները, ովքեր պարզել են, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավանն ու Այգավանը կապող կամրջի վրա, բախվել են Toyota, VAZ և Volkswagen մակնիշների մեքենաները։ Հենց Volkswagen-ում էլ հրդեհ է բռնկվել, որը հանգցնելուց հետո փրկարարները ներսում հայտնաբերել են երեք անձի դի։
Մինչ փրկարարների ժամանումը, չորս տուժած արդեն հոսպիտալացվել էր, իսկ հրդեհը մարվել է ժամը 20:20-ին՝ այդ ընթացքում ամբողջությամբ այրելով մեքենան։ Փրկարարները նաև հոսանքազրկել են բոլոր երեք ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները՝ հետագա վտանգները կանխելու համար։

