Դպրոցներում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի դեմ պայքարի նոր կարգ է սահմանվել

2 Min Read

Դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման կանխարգելումն այլևս չի սահմանափակվելու միայն դասարանային սովորական զրույցներով։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված նոր չափանիշները, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, դպրոցների համար սահմանում են հստակ պարտականություններ երեք հիմնական ուղղությամբ։

Առաջին ուղղությունը վերաբերում է աշակերտների իրազեկմանը։ Դպրոցները պետք է կազմակերպեն տեղեկատվական միջոցառումներ, ցուցադրեն տեսանյութեր, անցկացնեն քննարկումներ ու թեմատիկ դասընթացներ, որոնք աշակերտներին ցույց կտան վնասակար նյութերի օգտագործման ռիսկերն ու հետևանքները։

Երկրորդ կարևոր պահանջը ծնողների հետ աշխատանքն է։ Դասղեկներն ու մասնագետները հատուկ հանդիպումներ կանցկացնեն ծնողների հետ, որպեսզի նրանց սովորեցնեն ճանաչել դեռահասների վարքագծում վնասակար սովորությունների վաղ նշանները և ճիշտ կազմակերպել կանխարգելումը։

Երրորդ ուղղությամբ դպրոցը պետք է աջակցի աշակերտների արտադասարանային օգտակար զբաղվածությանը։ Դասերից հետո աշակերտների ակտիվ ներգրավվածությունը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպն ու ձևավորել սոցիալական դիմադրողականություն։

Բացի այդ, դպրոցի անձնակազմը պարտավոր է ժամանակին նկատել սովորողների հուզական կամ վարքագծային փոփոխությունները և տեղեկացնել պաշտպանության թիմին։ Ռիսկային վարք ունեցող դեռահասներին դպրոցի հոգեբանը կտրամադրի հոգեբանական աջակցություն, իսկ անհրաժեշտության դեպքում ընտանիքին կուղղորդի մասնագիտացված ծառայություններ։

Նոր չափանիշների ներդրումը ցույց է տալիս, որ պետությունը փորձում է փոխել դպրոցներում վնասակար սովորությունների դեմ պայքարի ձևական բնույթը։ Ձևական զրույցներից անցումը համալիր համակարգի, որտեղ ներգրավված են հոգեբանները, դասղեկներն ու ծնողները, տեսականորեն ճիշտ քայլ է։

Գործնականում, սակայն, հիմնական բեռն ընկնելու է դպրոցների հոգեբանների և դասղեկների վրա, որոնք առանց այն էլ ծանրաբեռնված են վարչարարությամբ։ Արդյոք դպրոցներն ունեն բավարար պատրաստվածություն ունեցող մասնագետներ ծնողներին վաղ նշաններ ճանաչել սովորեցնելու համար, թե սա կվերածվի հերթական թղթաբանության, պարզ կդառնա ուսումնական տարվա մեկնարկից հետո։

Share This Article