Գերմանիայում ընթացիկ ամռանը շոգ եղանակի զոհ է դարձել մոտ 14.000 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 1992 թվականից ի վեր, հայտնում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով։ Այդ վերջին տվյալներն ընդգրկում են տարվա սկզբից մինչև օգոստոսի 9 ներառյալ ընկած ժամանակահատվածը, որի համաձայն շոգի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ, մինչդեռ 1994 թվականին, ըստ համաճարակաբանների գնահատումների, շոգի պատճառով մահացել էր 10 100, իսկ 2018 թվականին՝ 8700 բնակիչ։
Այս ամռանը մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին՝ կազմելով 10 300 մահացած։ Ինստիտուտի վերլուծության մեջ առանձնացվել են արտակարգ շոգի երկու հիմնական ժամանակահատվածներ, որոնցից առաջինը բաժին է ընկել հունիսի վերջին, իսկ երկրորդը՝ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը։ Մահերի մեծ մասը՝ 9600-ը, տեղի է ունեցել հունիսի 22-28-ը, երբ օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան, ընդ որում, ցերեկը տեղ-տեղ ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից վեր։ Հետազոտողներն օգտագործում են վիճակագրական մոդելներ՝ պարզելու համար, թե որքանով է մահացածների թիվն արտակարգ շոգի շրջանում գերազանցում սովորական ցուցանիշները։
Այս մտահոգիչ վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են կլիմայական ծայրահեղ փոփոխություններն ու երկարատև շոգերը ուղղակիորեն սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, հատկապես առավել խոցելի տարիքային խմբերում։ Հատկանշական է, որ 14 հազար մահը գերազանցում է նախորդ տարիների բոլոր բացասական ռեկորդները՝ ստիպելով մասնագետներին վերանայել հանրային առողջապահության պաշտպանության միջոցառումները։

