Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին

2 Min Read

Skoda ընկերությունը դիտարկում է եվրոպական մոդելային շարքն ավելի մատչելի բենզինային և էլեկտրական մոդելներով ընդլայնելու հնարավորությունը, գրում է Autocar-ը։ Արտադրողը ուսումնասիրում է ավտոմեքենաների արժեքը նվազեցնելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Kylaq կոմպակտ քրոսովերի հարմարեցումը, որը ներկայումս Հնդկաստանում վաճառվում է մոտավորապես 6 հազար ֆունտ ստեռլինգին համարժեք գնով։

Վերջին տարիներին Եվրոպայում ամենամատչելի քաղաքային ավտոմեքենաների հատվածը գրեթե վերացել է։ Շուկայից հեռացել են Ford Ka, Peugeot 108 և Skoda Citigo մոդելները, իսկ դրանց հաջորդները այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում գնորդները ստիպված են ընտրել ավելի մեծ և թանկ ավտոմեքենաներ, օրինակ՝ Skoda Fabia-ն։

Skoda-ի գլխավոր տնօրեն Կլաուս Ցելմերը պատմել է, որ ընկերությունը աշխատում է նախագծի վրա՝ ավելի մատչելի մոդելներ ստեղծելու համար՝ օգտագործելով տարբեր ծախսաարդյունավետ աղբյուրներից բաղադրիչներ։ Նրա խոսքով, վաղ փուլում Skoda-ն մասնակցել է Volkswagen ID Every1 կոնցեպտի մշակմանը, սակայն ավելի ուշ որոշել է կենտրոնանալ սեփական նախագծերի վրա։

Ցելմերը բացատրել է, որ էլեկտրամոբիլների շուկայի դանդաղ աճի պատճառով Skoda-ի համար ավելի շահավետ է շարունակել Fabia, Scala և Kamiq բենզինային մոդելների վաճառքը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Volkswagen Group կոնցեռնում հենց Volkswagen բրենդն է պատասխանատու կոմպակտ քաղաքային էլեկտրամոբիլների զարգացման համար, որտեղ շահութաբերությունը ցածր է։ Այդ պատճառով մոտակա տարիներին լիովին նոր բյուջետային էլեկտրական Skoda-ի հայտնվելուն սպասել պետք չէ։

Այդուհանդերձ, ընկերությունը չի բացառում մոդելի հայտնվելը, որը կլինի ավելի էժան, քան Fabia-ն, որի գինը Եվրոպայում սկսվում է մոտավորապես 21 հազար ֆունտ ստեռլինգից։ Ամենահետաքրքիր տարբերակներից մեկը Kylaq կոմպակտ քրոսովերն է։ Այն ավելի կարճ է, քան Fabia-ն, և կառուցված է հարմարեցված MQB A0 հարթակի վրա։

Կլաուս Ցելմերը հայտարարել է. «Եթե նայենք դիզայնին, տեխնոլոգիաներին, հարդարման որակին, ապա կարող ենք ուսումնասիրել ավտոմեքենան եվրոպական չափանիշներին հասցնելու հնարավորությունը։ Եթե համեմատենք Fabia-ի արժեքը… և Kylaq-ի գինը Հնդկաստանում, ակնհայտ է դառնում, թե որքան մեծ է տարբերությունը։ Այստեղ կա տնտեսական տրամաբանություն, որն արժե ուսումնասիրել»։

Եթե նախագիծը ստանա հավանություն, Skoda-ն կկարողանա Եվրոպա վերադարձնել իսկապես մատչելի մոդել, որի նկատմամբ պահանջարկը պահպանվում է շուկայից բյուջետային քաղաքային ավտոմեքենաների մեծ մասի անհետացումից հետո։

Share This Article