Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի գործարանում, «Մուլտի սթոուն»-ում, Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում իրականացված լայնածավալ խուզարկություններն ավարտվել են։ Նշված տարածքները կապարակնքվել են, իսկ «Մուլտի սթոուն»-ի տնօրենը հրավիրվել է հարցաքննության։
Իրավապահները 70-ից ավելի հասցեներում իրականացնում են միաժամանակյա գործողություններ, որոնց վերաբերյալ պաշտոնական մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ դեռևս հստակեցվում են առաջադրվող մեղադրանքներն ու ԲՀԿ առաջնորդի իրավական կարգավիճակը։
Հիշեցնենք, որ դեռևս անցած ամիս Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։

