Mediamax — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը։
Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կառավարությունների ու համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացմանը, ինչը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ շահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նույն տեղեկությունն է հաղորդում նաև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի արդի հարցերին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ավելի վաղ Բաքուն կոչ էր արել Մոսկվային չկապել ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցերը Ադրբեջանի հետ:

